slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Դատաբժշկական բուժքույրերի միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչներն այցելել են Փորձաքննությունների ազգային բյուրո

News_Image

Դատաբժշկական բուժքույրերի միջազգային ասոցիացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ջենիֆեր Փիրս-Ուիքսին և ծրագրերի ղեկավար Մորգան Մոլերը ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ գրասենյակի ծրագրերի մասնագետ Մարիցա Հովհաննիսյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 31-ին այցելել են ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ՝ դատաբժշկական և դատահոգեբանական  բնագավառներում փորձի փոխանակման և համագործակցության խորացման նպատակով: Այցի շրջանակներում կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում, որի շրջանակներում Փորձաքննությունների ազգային բյուրոյի դատաբժշկական և դատահոգեբանական փորձաքննությունների բաժինների ներկայացուցիչները հյուրերին ծանոթացրել են բռնության (այդ թվում ընտանեկան, սեռական) դեպքերով իրականացվող փորձաքննությունների առանձնահատկություններին, դրանց կազմակերպման ընթացակարգերին, իրականացման մեթոդաբանությանն ու այլ առանձնահատկություններին: Քննարկվել են դատաբժշկական, ինչպես նաև դատահոգեբանական փորձաքննությունների ոլորտներում առկա մարտահրավերները, օրենսդրական դաշտում և իրավակիրառ պրակտիկայում ընտանեկան ու սեռական բռնության դեպքերով իրականացվող փորձաքննություններին վերաբերող իրավակարգավորումներն ու առկա խնդիրները։ Քննարկման շրջանակներում ԱՄՆ գործընկերները ներկայացրել են տվյալ ոլորտում առկա իրավակարգավորումները, իրենց փորձն ու ձեռքբերումները: Հանդիպում է տեղի ունեցել նաև Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանի հետ, որի շրջանակներում առավել ընդգրկուն քննարկվել են խնդրո առարկա ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման արդյունավետ ուղիները:

ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ գրասենյակի գործընկերների հրավերով՝ նոյեմբերի 3-ին, Բյուրոյի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ Կարեն Մխիթարյանը և հեգաբանական փորձաքննությունների բաժնի փորձագետ Գայանե Շահվերդյանը մասնակցել են ԱՄՆ դատաբժշկական բուժքույրերի պրակտիկան և սեռական բռնությունների դատաբժշկական հետազոտությունների (SANE) համաժողովին: Միջոցառման շրջանակներում մասնակիցները ծանոթացել են Դատաբժշկական բուժքույրերի միջազգային ասոցացիայի գործունեությանը, ԱՄՆ դատաբժշկական բուժքույրերի պրակտիկային և սեռական բռնությունների դատաբժշկական հետազոտությունների խնամքի մոդելին, ծրագրի ձևաչափին ու կառուցվածքին և այլ առանձնահատկությունների: Համաժողովի ընթացքում զուգահեռներ են անցկացվել դատաբժշկական փորձաքննությունների ոլորտում ներպետական և միջազգային օրենսդրական կարգավորումների միջև, դիտարկել Հայաստանում միջազգային լավագույն փորձի տեղայնացման հեռանկարները: 

Նշենք, որ Դատաբժշկական բուժքույրերի միջազգային ասոցացիան ունի ավելի քան 6500 անդամ 30 երկրներից, որոնք աշխատում եմ սեռական բռնության ենթարկված կանանց, երեխաների, տարեցների հետ, մշակում են առաջարկներ քաղաքականության բարելավման նպատակով, զարգացնում և առաջ են մղում դատաբժշկական բուժքույրերի աշխատանքը նորարարական հետազոտությունների և ապացույցների վրա հիմնված կրթության միջոցով:

08 November 2023